«Մուրացան» բժշկական կենտրոնում խուլիգանություն կատարած տղամարդիկ հայտնաբերվել են։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Գերատեսչությունից հայտնում են, որ Բաբաջանյան փողոցում ձերբակալել և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել երկու տղամարդ, որոնցից մեկը Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղի բնակիչ է, մյուսը՝ Երևանի։ Երկուսն էլ՝ նախկինում մի քանի անգամ դատապարտված։ Զննությամբ մեքենայում մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել։
Բերման ենթարկվածները ներկայացվել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Էրեբունու ոստիկանները հայտնաբերել և նախքննական մարմնին են ներկայացրել նաև միջադեպի մյուս մասնակիցներին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես են մի խումբ անձինք «Մուրացան» բժշկական կենտրոնում հարվածներ հասցնում հիվանդանոցի անվտանգության աշխատակցին։
Քննչական կոմիտեն հայտնել էր, որ «Մուրացան» ԲԿ-ի բժշկուհուն և անվտանգության աշխատակցին ծեծի ենթարկելու գործով ձերբակալված կա։