Հայաստանի Հանրապետության համար բարիդրացիական հարաբերությունների հաստատումն իր բոլոր հարևանների, այդ թվում՝ Թուրքիայի հետ երբևէ վիճարկելի գաղափար չի եղել: Այս մասին SpecialEurasia-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:
«Մենք մշտապես հանդես ենք եկել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման, սահմանների բացման դիրքորոշմամբ: Պետք է շեշտել, որ առանց նախապայմանների ձևակերպումը դիվանագիտական խուսանավում չէ և վերաբերում է նաև Ցեղասպանության ճանաչման խնդրին: Ցավոք, պետք է ասեմ, որ տասնամյակներ շարունակ առաջինը Թուրքիան է Հայաստանի հետ սահմանների բացման և հարաբերությունների կարգավորման համար նախապայմաններ առաջադրել՝ ինչ-որ առումով սպասարկելով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում ադրբեջանական օրակարգը: Միևնույն ժամանակ, կարևոր եմ համարում ընդգծել, որ 1990-ականների սկզբին և 2008-2009 թվականներին Հայաստանն ու Թուրքիան ունեին հնարավորություն գնալ արմատական փոփոխության և շարժվել կարգավորման ուղղությամբ»,-շեշտել է նա՝ հավելելով, որ այդ հնարավորությունները լիարժեք կերպով չօգտագործվեցին, բայց այսօր առավել կարևոր է համարում ոչ թե անցյալի բացթողումների կամ ինչ-ինչ կորսված հնարավորությունների մասին խոսելը, այլ ապագային նայելը:
«Ներկայումս Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում են: Անգամ տեղեկատվական-քարոզչական դաշտում ես տեսնում եմ դրական միտումներ և հույս ունեմ, որ մեր արևմտյան հարևանի հետ մենք կարող ենք հաստատել քաղաքակիրթ, կարգավորված և կանխատեսելի բարիդրացիական հարաբերություններ: Ես այն համոզմանն եմ, որ անգամ բարդագույն խնդիրների լուծման բանալին զարգացումն ու ժողովրդավարությունն է, որոնք չենք կարող գոյություն ունենալ նախապայմաններով կամ բացառություններով: Այս տեսանկյունից քաղաքակիրթ հարաբերությունների հաստատումը Թուրքիայի և ընդհանարապես, բոլոր հարևան երկրների հետ, Հայաստանը տեսնում է որպես հնարավորություն, ինչպես արդեն ասեցի, ժողովրդավարության և զարգացման հասնելու և բարդագույն խնդիրների հաղթահարման համար»,-հավելել է նա:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Հայաստանի ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը չորրորդ հանդիպումն անցկացրել են Վիեննայում։ Կողմերը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները: Պայմանավորվել են նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը: