Եվրոպական հեռարձակողների միությունը փոխել է «Եվրատեսիլ-2023»-ի քվեարկության կանոնները՝ այս տարվա մրցույթում ժյուրիի դավադրության պատճառով: Այս մասին ասվում է կազմակերպության կայքում:
«2022 թվականի մրցույթում հայտնաբերված քվեարկության խախտումների աննախադեպ բնույթի կապակցությամբ ստեղծվել է ԵՀՄ անդամներից կազմված աշխատանքային խումբ՝ արդար քվեարկության պաշտպանության միջոցները դիտարկելու համար»-ասված է հայտարարության մեջ:
Այժմ միայն հանդիսատեսը կորոշի, թե որ երկրներն են անցնելու եզրափակիչ: Եվրատեսիլի ժյուրին իր մասնակցությունը կունենա միայն եզրափակիչ փուլում։ Բացի այդ, շոուի պատմության մեջ առաջին անգամ հաղթող կարող են ընտրել նաև այն երկրների հանդիսատեսները, որոնք չեն մասնակցում մրցույթին։
«Մրցույթին չմասնակցող երկրների հեռուստադիտողները կկարողանան քվեարկել առցանց հարթակի միջոցով»,- ասվում է հայտարարության մեջ:
Եվրատեսիլ-2023-ը տեղի կունենա Լիվերպուլում՝ մայիսի 9-13-ը: Եվրոպական հեռարձակողների միությունը որոշում է կայացրել մրցույթը չանցկացնել Ուկրաինայում, թեև երկիրը հաղթել է 2022 թվականին։
Armenia Today-ը ավելի վաղ հայտնել էր, որ «Մանկական Եվրատեսիլ» երգի 20-րդ մրցույթը դեկտեմբերի 11-ին տեղի կունենա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Հայաստանը կհյուրընկալի 16 երկրի մասնակցի: Այդ երկրներն են Ալբանիան, Իռլանդիան, Իտալիան, Իսպանիան, Լեհաստանը, Հյուսիսային Մակեդոնիան, Ղազախստանը, Մալթան, Նիդեռլանդները, Պորտուգալիան, Սերբիան, Ուկրաինան, Միացյալ Թագավորությունը, Վրաստանը, Ֆրանսիան։