Պետական պահպանության ծառայությունը կանջատվի ԱԱԾ-ից ու կդառնա վարչապետին ենթակա առանձին մարմին։ Համապատասխան որոշումն ընդունվեց Կառավարության նոյեմբերի 24-ի նիստում։
Ինչպես նիստի ժամանակ ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ նախկինում նախագահին տրվում էր ցմահ պետական պահպանություն, այժմ պահպանությունը կկիրառվի պաշտոնաթող լինելուց հետո ևս 7 տարի, իսկ վարչապետի դեպքում՝ 10 տարի (ըստ անհրաժեշտության՝ հետագայում երկարացնելու հնարավորություն կլինի) ժամկետով։
Առաջարկվում է նախատեսել նաև իրավակարգավորումներ, որոնց պարագայում պաշտոնաթող նախագահներին և վարչապետներին՝ օտարերկրյա պետություններում գտնվելու ժամանակ պետական պահպանություն կտրամադրվի մեկ տարվա ընթացքում օտարեկրյա պետություններ կատարվող ոչ ավելի, քան 20 օր ընդհանուր տևողությամբ այցերի ընթացքում:
«Ուզում եմ ընդգծել, որ սա նաև ԱԱԾ բարեփոխումների շրջանակում է, որովհետև մենք շատ ենք քննարկել, թե արդյոք արժե այսպիսի փոփոխություն անել, թե ոչ և եկլել ենք եզրակացության, որ արժե՝ նաև ԱԱԾ-ին իր բուն գործառույթների վրա կենտրոնանալու հնարավորություն տաոլվ»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ իրենց ընկալմամբ՝ ԱԱԾ-ն պետք է զբաղվի երեք հիմնական գործառույթով՝ հակահետախուզություն, ահաբեկչության դեմ պայքար, սահմանադրական կարգի պահպանություն։