Երեկ Լոռու մարզում ոստիկանության ծառայողների և քաղաքացիների մասնակցությամբ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ, որի արդյունքում, ըստ որոշ հրապարակումների՝ քաղաքացիներին հասցվել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և կիրառվել է արցունքաբեր գազ, Մարդու իրավունքների պաշտպանը պարզաբանումներ է պահանջել ՀՀ ոստիկանությունից, որի համաձայն՝ դեպքի կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։
ՄԻՊ ներկայացուցիչներին ոստիկանությունից նաև բանավոր հավաստիացվել է, որ դեպքի կապակցությամբ ծառայողներին ամրակցված տեսանկարահանող սարքերով արված տեսանյութերը պահպանվել են։
Նշվում է, որ պաշտպանը հաջորդիվ քրեական վարույթի վերաբերյալ պարզաբանումներ է պահանջելու նաև քրեական հետապնդման մարմիններից և իր ուշադրության կենտրոնում է պահելու քրեական վարույթի ընթացքը՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության ապահովման նպատակով։
Նշենք, որ այսօր ավելի վաղ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հայտնել էր, որ ահազանգ է ստացել Լոռու մարզի բնակիչներից առ այն, որ երեկ մի քանի քաղաքացիներ դաժան ծեծի են ենթարկվել Պարեկային ծառայության աշխատակիցների կողմից: