ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը հրավիրվել է Քննչական կոմիտե։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀԿ Գերագույն մարմինը։
«Այսօր ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ, ՀՀԿ ԳՄ անդամ Աննա Մկրտչյանը մի զավեշտալի պատրվակով հրավիրվել է հարցաքննության Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտե. իբրև թե Աննա Մկրտչյանի ծննդյան վկայականում նրա ծննդյան ամսաթիվը մեկ օրով սխալ է գրվել, որպեսզի «այլ դրդապատճառներով համապատասխանեցվի առավել նշանավոր օրվանը»:
Նշվում է, որ գործը հարուցվել է ՀՀ ԱԱԾ-ի կողմից։
«Մենք ափսոսանքով արձանագրում ենք, որ ՀՀ պաշտպանական, իրավապահ, անվտանգային համակարգերն այնքան են հյուծվել, այլասերվել և զրոյացել, որ այդ համակարգերի հենասյուն հանդիսացող ԱԱԾ-ն փոխանակ զբաղվի երկրի ներսում վխտացող լրտեսներով, պետության առջեւ ծառացած բազմաթիվ մարտահրավերներով, ակնհայտ քաղաքական պատվերի շրջանակներում սեփական ծառայամտությունը վերածել է ծաղրի:
Խորապես ցավում ենք այդ համակարգում աշխատող և ուսադիրներ կրող ծառայողների համար, որոնք ստիպված են իրականացնել Նիկոլ Փաշինյանի խելագար քաղաքականությունից բխող հանձնարարականները, դրանք հասցնելով աբսուրդի եւ անհեթեթության տեսակետից կատարելության:
Հայաստանում քաղաքական հետապնդումներն օրեցօր ստանում են առավել անառողջ եւ զավեշտալի դրսեւորումներ, որոնց պարագայում անգամ մեր քաղաքական պայքարի նպատակներն ու ուղղությունները մնալու են անշեղ»,-նշվում է հայտարարության մեջ։