Ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների՝ առաջին պատգամավորը «Հայաստան» խմբակցությունից կլինի ղեկավար Սեյրան Օհանյանը, ում կալանքի հարցով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կմտնի խորհրդարան:
Գործը, որով կալանքի միջնորդություն է առաջադրվելու Օհանյանին, կապված է «Ձորա ՀԷԿ» ՓԲԸ-ի գույքի օտարման գործընթացում «պաշտոնեական լիազորությունների չարաշահման փաստի առթիվ հարուցված քրեական վարույթի հետ, որով նա մեղադրվում է «առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում կատարելու մեջ»:
Ինչպես Armenia Today-ի հետ զրույցում ասաց Սեյրան Օհանյանը՝ իրեն անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց սկսելու դեպքում դատախազությունը պարտավոր է տեղյակ պահել ԱԺ-ին, իսկ ԱԺ-ն՝ իրեն, սակայն նման ծանուցում չի ստացվել, հետևաբար չունի որևէ խորքային տեղեկություն:
«Քանի որ ես բոլոր գործընթացներին մասնակցել եմ, քննչական մարմինները պարտավոր են ինձ բարոյականության շրջանակներում տեղյակ պահել, որ նման բան կա: Ես տեղեկություններ չունեմ»,- ասաց Օհանյանը՝ նշելով, որ գործը համարում է շինծու: Ըստ նրա՝ գույքի օտարման հարցում այն ժամանակ՝ 2010 թվականին, ներգրավված է եղել Բնապահպանության նախարարությունը, բոլոր համաձայնությունները ձեռք են բերել նրանք,ՊՆ-ն առավել քիչ մասնակցություն է ունեցել գործին, ավելի շատ՝ ֆորմալ բնույթի: Բացի այդ՝ եղել է կառավարության որոշում, ստացվում է, որ եթե կա հանցանք, ապա մեղադրանքը պետք է վերաբերի մի ամբողջ պետական ապարատի:
Օհանյանը տեղեկացրեց, որ հարցաքննվել է երկու անգամ, սակայն արդեն ավելի քան մեկ տարի է՝ գործով որևէ նորություն չունի, միայն արտերկիր մեկնելու համար է կանչել քննիչը՝ մեկ ամսով երկիրը առողջական խնդիրները լուծելու համար երկիրը լքելու թույլտվություն տալու: