«Հայաստան» դաշինքում առանձնապես ծանր չեն տանում «վերածնվողների» հեռացումը, համարում են, որ բալաստից են ազատվել: Այս մասին գրում է «Հրապարակ»-ը՝ հղում անելով իր աղբյոիրներին:
Թերթը գրում է, որ առաջնորդը՝ Ռոբերտ Քոչարյանը, խոստովանել է, թե իր կողմից սխալ է եղել Հակոբյանին ցուցակում ընդգրկելը եւ փոշմանել է Հակոբյանի չկայացած կուսակցության հետ դաշնակցելու հարցում։
Հայտնի է նաև, որ Վահե Հակոբյանի եւ «Վերածնվող Հայաստան» կուսակցության եւս երկու պատգամավորի՝ մանդատից հրաժարվելու որոշումը «Հայաստան» դաշինքի համար անսպասելի է եղել։
«Սպասում էինք միայն անձամբ Վահե Հակոբյանից, բայց ո՛չ մյուս երկու կուսակցականների վերաբերյալ»,- ասաց դաշինքի մեր աղբյուրը։ Բանն այն է, որ Վահե Հակոբյանը թեպետ դեմ է եղել խորհրդարան վերադառնալուն եւ իր կարծիքն ամիսներ առաջ հայտնել է խմբակցության հավաքներից մեկի ժամանակ, սակայն դաշինքի գործընկերների հետ երբևէ չի կիսվել իր մտադրության եւ որոշման մասին։
Պատմում են, որ վերջին շրջանում ընդհանրապես չխոսկան է դարձել եւ խմբակցության հավաքներին եկել, ներկա է գրվել, լսել ու հեռացել։
Հիշեցնենք, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը երեկ հայտարարել է, որ դադարեցնում է գործունեությունը ՀՀ Ազգային ժողովում։ Հավելենք, որ մինչ այս ընդդիմադիր մի շարք պատգամավորներ ևս մանդատները վայր դնելու որոշում էին կայացրել: Ավելի վաղ մանդատը վայր էր դրել «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը, մանդատը վայր էր դրել նաև Մխիթար Զաքարյանը:
«Վերածնվող Հայաստան» կուսակցության մանդատները վայր դնելու մասին Armenia Today-ը զրուցել էր քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ: