ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը խայտառակություն ու հանցագործություն է որակել Հանրապետության հրապարակի շենքերի որոշ հատվածներ վնասելու փաստը:
Քաղաքացիները երեկվանից իրենց զայրույթն են արտահայտում Հանրապետության հրապարակը զարդարելու աշխատանքների մասով: Պատճառն այն է, որ ամանորյա լույսեր ամրացնելու համար Հանրապետության հրապարակի՝ հատուկ պահպանվող հուշարձանների ցանկում ներառված շենքերի վրա անցքեր են արվել: Այդ ամենի հետևանքով վնասվել են հուշարձան հանդիսացող շենքերի որոշ զարդաքանդակներ:
«Սա հանցագործություն է, որի պատասխանատուն, առաջին հերթին, Երևանի քաղաքապետարանն է, երկրորդը՝ ԿԳՄՍ նախարարությունը: Եթե այդ հարցերը լուծվել են՝ հաշվի չառնելով հուշարձանների պահպանման խնդիրը, ապա ես դա ուղղակի պետական հանցագործություն եմ համարում: Այն, ինչ տեսնում ենք, սա խայտառակություն ու անտերություն է» -Armenia Today-ի հետ զրույցում ասաց Սաշուր Քալաշյանը:
Նրա խոսքով՝ երևույթը պետք է պատժվի օրենքով սահմանված բոլոր կետերով. «Պատասխանատուները ԿԳՄՍ նախարարությունն ու Քաղաքապետարանն են, որովհետև թույլտվություն են տվել: Եթե առանց հասկանալու են այդ թույլտվությունը տվել, ուրեմն օրենքից հեռու են»:
Անդրադառնալով Հանրապետության հրապարակի շենքերի պատմամշակութային արժեքին՝ նա ընդգծեց. «Խոսքը Սովետական շրջանում համաշխարհային ճանաչում ստացած լավագույն հուշարձանների վնասման, դրանց պահպանման անհրաժեշտության մասին է: Հանրապետության հրապարակը շարքային կառույց չէ: Այն համալիր է, որը պահպանելու համար, համենայն դեպս, ճարտապետներով միշտ կռիվ ենք տվել: Մենք կռիվ ենք տվել, որպեսզի այն որևէ կերպ չվնասվի, որովհետև նախկինում ականատես ենք մի մասի տարօրինակ ձևով սեփականաշնորհման իրողությունների»:
Ինչ վերաբերում է այս օրերին հասցված վնասները վերացնելու, զարդաքանդակների նախկին տեսքը վերականգնելու հնարավորություններին՝ Սաշուր Քալաշյանը հավելեց. «Իհարկե, վերակագնել հնարավոր է. պետք է մեղավորից գումարը վերցնել, հուշարձանների պահպանության պատասխանատու օղակներին հանձնարարել, որ նրանք հնարավոր միջոցներով վերականգնեն վնասված հատվածները»:
Հավելենք, որ Երևանի քաղաքապետարանը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ նշելով, որ նախքան նախագծի իրականացումը տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ԿԳՄՍ գործընկերների հետ, որոնց կողմից ընդգծվել է նշված շենքերի վրա կատարվելիք աշխատանքների հետևանքների հետագա վերացման, ինչպես նաև աշխատանքների հետևանքները նվազագույնի հասցնելու կարևորությունը։
«Հաշվի առնելով նշվածը, Երևանի քաղաքապետարանի և «Սինեմարտ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրով, ընկերությունը ստանձնել է պարտավորություն տոնական լուսավորության ենթակառուցվածքի ապամոնտաժումից հետո վերականգնել շենքի արտաքին տեսքն անցքերի լցման միջոցով։ Հատուկ ցանկանում ենք շեշտել, որ համացանցով տարածվող նկարը, որտեղ հեղույսը մխրճված է զարդաքանդակի (орнамент) մեջ ոչ մի կապ չունի Երևանի քաղաքապետարանի ամանորյա լուսավորության նախագծի հետ»,- ասված է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ այս տարի «Մանկական Եվրատեսիլ-2022»-ը անցկացվելու է Հայաստանով: Նշված պատճառով Հայաստանում այս տարի քաղաքն ավելի վաղ են սկսել զարդարել: Դեկտեմբերի 5-ին Հանրապետության հրապարակում տարբեր երկրներից ժամանած միջոցառման մասնակից երեխաները միասին կվառեն գլխավոր տոնածառի լույսերը, հրապարակում տեղի կունենա նաև տոնական միջոցառում և հրավառություն։
Աննա Բադալյան