Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից:
Վարչապետը ողջունել է նրա այցը տարածաշրջան և բարձր գնահատել ԱՄՆ դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն:
«Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, այդ թվում՝ Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների միջազգային մեխանիզմի ձևավորմանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող այլ թեմաների շուրջ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ զրուցակիցներն անդրադարձել են նաև հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցերի: Կարևորվել է ԱՄՆ շարունակական աջակցությունը՝ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում:
Հիշեցնենք, որ Ֆիլիպ Ռիքերը Երևանում է: Դեկտեմբերի 1-4 այցի ընթացքում դեսպան Ռիքերը կհանդիպի պետական պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և այլոց հետ՝ քննարկելու Միացյալ Նահանգների աջակցությունը տևական խաղաղության հասնելուն միտված հայ-ադրբեջանական ուղիղ բանակցություններին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերն ավելի վաղ աշխատանքային այցով մեկնել էր Ադրբեջան, հանդիպել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին։ Ամերիկացի դիվանագետը բանակցություններ էր վարել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: