Նույնականացման քարտ ստանալու բողոքներ կան, հերթեր են գոյանում, և քաղաքացիները շատ դեպքերում չեն կարողանում այդ քարտերն ստանալ: Այս մասին նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը։
Ի պատասխան՝ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը հայտնեց, որ նույնականացման քարտերն անխտիր տրամադրվում են այն անձանց, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքում այդ քարտերն օգտագործելու կարիք ունեն:
«Այդ քարտերի տրամադրումը կիրականացվի մինչև 2023-ի փետրվարի 15-ը: Դրանից հետո նույնականացման քարտերը կտրամադրվեն նույն ձևով, սակայն առանց էլեկտրոնային կրիչի: Ինչ վերաբերում է Անձնագրերի և վիզաների վարչության տարբեր ստորաբաժանումներում առաջացած հերթերին, նախ պետք է նշեմ, որ այն փաստաթղթերի ծավալները, որոնք տրամադրում են մեր ստորաբաժանումների կողմից, էականորեն աճել են: Բացի այդ, դեռևս փուլային տարբերակով անցում ենք կատարել էլեկտրոնային հերթագրման համակարգի, ինչն էականորեն նվազեցրել է հերթերի կուտակումները: Այդ համակարգը նախատեսում ենք ներդնել նաև տարածքային ստորաբաժանումներում»,- ասաց փոխոստիկանապետը:
Նա նշեց, որ նույնականացման քարտ ստանալու յուրաքանչյուր դիմում առանձին ուսումնասիրության է ենթարկվում: Արա Ֆիդանյանը հայտնեց նաև, որ այդ քարտերի տրամադրման կրկնակի աճ կա:
«2020-ին տամադրվել է 70 273, իսկ այս տարի դեկտեմբերի 1-ի դրությամբ՝ 155 766 նույնականացման քարտ»,- հավելեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: