Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի անդամների հետ: Այս մասին Facebook-ում հայտնել է ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն։
«Արցախի ճանաչման և Հայաստանին մեր աջակցության վերաբերյալ Սենատի քվեարկությունից հետո մենք մեծ պատիվ ունեցանք այսօր հյուրընկալել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին», – գրել է սենատորը Facebook-ում:
Հանդիպման մասին Twitter-ում հայտնել է սենատոր Պատրիկ Կանները։ «Այսօր կեսօրին հանդիպում Լեռնային Ղարաբաղի նախագահ Հարությունյանի հետ։ Բախվելով ադրբեջանական օկուպացիոն ուժերի կողմից իրականացվող էթնիկ զտումների հետ՝ մենք [սենատոր] Բրունո Ռետայոյի հետ միասին հաստատեցինք մեր լիակատար աջակցությունը այդ Հանրապետության ինքնիշխանության հարգմանը», – գրել է Կանները։
Ֆրանսիայի Սենատը նոյեմբերի 15-ին բանաձև է ընդունել, որով վճռականորեն դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան և պահանջել Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ և անվերապահ դուրս բերումը ելման դիրքեր: Սենատը Ֆրանսիայի կառավարությանը կոչ է արել դիտարկել ադրբեջանցի առաջնորդների ակտիվների ձերբակալման հնարավորությունները և Ադրբեջանից նավթի ու գազի ներկրման էմբարգոն: