Դատարանը մերժել է Վանաձորի համայնապետ Մամիկոն Ասլանյանի կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը։ Այս մասին Armenia Today–ի հետ զրույցում հայտնեց Ասլանյանի փաստաբան Արտակ Ոսկանյանը։
«Դատարանը որոշեց միջնորդությունը մերժել, բայց որոշումը դեռևս չի տրամադրել, ընդհանրապես, որևէ պատճառաբանության մասին տեղեկություններ չի տրամադրել»,-նշեց նա։
Փաստաբանի փոխանցմամբ՝ դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք են պատրաստվում ներկայացնել։
Նշենք, որ, ըստ Քննչական կոմիտեն նախորդ տարվա դեկտեմբերի հայտարարության, առերևույթ տվյալներ են ձեռք բերվել 2016թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Մամիկոն Ասլանյանի կողմից իր պաշտոնական լիազորությունները չարաշահելու և անցնելու, անձնական այլ դրդումներով պաշտոնեական կեղծիք կատարելու՝ հանրորեն վտանգավոր արարքներ գործելու մի շարք հանգամանքների վերաբերյալ: