Կառավարությունը հավանություն տվեց Արտաքին հետախուզության ծառայության ստեղծման նախագծին՝ որպես առանձին կառույց։ Ծառայությունը լինելու է վարչապետին ենթակա կառավարվող մարմին։
Ինչպես կառավարության դեկտեմբերի 8-ի նիստում ասաց Արդարադատության նախարարի ժ/պ Գրիգոր Մինասյանը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ թե՛ ՊՆ-ում, թե՛ ԱԱԾ-ում գոյություն ունեն համանման գործառույթներ իրականացնող ստորաբաժանումներ, որոնցում ծառայությունը հանդիսանում է զինվորական, առկա է քաղաքական որոշում ստեղծել պետական ծառայության նոր տեսակ, որը չի հանդիսանա զինվորական ծառայություն։
«Դրանով հնարավոր կլինի ծառայությունը համալրել նաև այլ գերատեսչություններում աշխատող հանրային ծառայողներով, ովքեր իրենց փորձով, գիտելիքներով և արհեստավարժությամբ կնպաստեն Արտաքին հետախուզության ծառայության կայացմանը»,- ասաց Մինասյանը։
Նա հավելեց, որ Արտաքին հետախուզության ծառայության ստեղծումը ոչ միայն կնպաստի ԱԱԾ գործառութային արդունավետության բարձրացմանը՝ հնարավորություն ընձեռնելով կենտրոնանալ հակահետախուզության և ահաբեկչության դեմ պայքարի ուղղություններով, այլև հնարավորություն կընձեռի ավելի ճկուն ու համարժեք արձագանքել հարաճուն փոփոխվող աշխարհի ու տարածաշրջանի մարտահրավերներին:
Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ ԱՀԾ հիմնումից 3 տարի անց կդադարեն նույնպիսի գործունեություն ծավալող այլ ծառայությունները, այսինքն՝ այս գործառույթն ամբողջությամբ կփոխանցվի նոր ծառայությանը։
Հարցի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կարևոր է մեր կարողությունները տրանսֆորմացնելն ու ժամանակակից պայմաններին և պահանջներին համապատասխան զարգացնելը։
«Մենք տեսնում ենք, որ աշխարհում հետախուզական մեթոդները, ձևերն ու բանաձևերը զարգանում են այնպես, որ նրանք միշտ չէ, որ ուղիղ կապ ունեն զինվորական ծառայության հետ»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ այսպիսով հետզհետե կզարգանա արտաքին հետախուզական ծառայությունը։ Նա նաև նշեց, որ մյուս հետախուզական ծառայությունների աշխատանքում դեռևս ոչինչ չի փոխվի։ Դա տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ նոր ծառայությունը լիարժեք կատարի իր առջև դրված խնդիրը։
Հիշեցնենք, Կառավարության նոյեմբերի 24-ի նիստում ընդունվեց Պետական պահպանության ծառայությունը ԱԱԾ-ից անջատելու և վարչապետին ենթակա առանձին մարմին դարձնելու որոշում։