Հանրապետության հրապարակի շենքերի վրա արված 6000 անցքերն առանձին-առանձին կվերականգնվեն: Այս մասին այսօր լրագրողներին հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով նախատոնական լուսավորության աշխատանքներն իրականացնելու ժամանակ Հանրապետության հրապարակի՝ պատմամշակութային հուշարձան համարվող շենքերը վնասելուն:
«Անցերի մասով աշխատանքները կատարվել են Քաղաքապետարանի պատվերով: Չեմ կասկածում, որ խնդիրն անլուծելի է: Ես մասնագետ չեմ, լսել եմ ճարտարապետների կարծիքները: Նրանց խոսքով՝ ընդհանրապես խնդիր չէ: Մի անցքն անհաղթահարելի խնդիր եք դարձրել»,- ասաց նա՝ դիմելով լրագրողներին ու նշելով, որ թեման շարունակելն անբովանդակ զրույցի կվերածվի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ քաղաքացիներն իրենց զայրույթն էին արտահայտել Հանրապետության հրապարակը զարդարելու աշխատանքների մասով: Պատճառն այն է, որ ամանորյա լույսեր ամրացնելու համար Հանրապետության հրապարակի՝ հատուկ պահպանվող հուշարձանների ցանկում ներառված շենքերի վրա անցքեր են արվել: Այդ ամենի հետևանքով վնասվել են հուշարձան հանդիսացող շենքերի որոշ զարդաքանդակներ:
Հավելենք, որ ավելի վաղ Երևանի քաղաքապետարանը հանդես էր եկել պաշտոնական հայտարարությամբ՝ նշելով, որ նախքան նախագծի իրականացումը տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ԿԳՄՍ գործընկերների հետ, որոնց կողմից ընդգծվել է նշված շենքերի վրա կատարվելիք աշխատանքների հետևանքների հետագա վերացման, ինչպես նաև աշխատանքների հետևանքները նվազագույնի հասցնելու կարևորությունը։
Հիշեցնենք նաև, որ այս տարի «Մանկական Եվրատեսիլ-2022»-ն անցկացվելու է Հայաստանով: Նշված պատճառով Հայաստանում այս տարի քաղաքն ավելի վաղ են սկսել զարդարել: Դեկտեմբերի 5-ին Հանրապետության հրապարակում տարբեր երկրներից ժամանած միջոցառման մասնակից երեխաները միասին վառեցին գլխավոր տոնածառի լույսերը։