«3+3» ձևաչափով տարածաշրջանային համագործակցության հարթակի երկրորդ հանդիպումը (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան – Ռուսաստան, Թուրքիա, Իրան) կարող է տեղի ունենալ առաջիկա ամիսներին։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։
«Ներկայումս մշակվում են «3+3» երկրորդ հանդիպման անցկացման կազմակերպչական եղանակները։ Մենք ակնկալում ենք, որ դա տեղի կունենա առաջիկա ամիսներին։ Դատելով բոլոր մասնակիցների տրամադրությունից՝ հրավերը կարող է ուղարկվել Վրաստանին ևս»,- ասել է դիվանագետը։
Նա ընդգծել է՝ Մոսկվան համոզված է, որ «3+3» հարթակը պահանջված է մասնակից երկրների միջև փոխշահավետ համագործակցության ընդլայնման շահերից ելնելով։
Գոնչարը հիշեցրել է, որ 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում կայացած հիմնադիր ժողովի ժամանակ որոշվել է կենտրոնանալ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող թեմաների վրա՝ առևտրատնտեսական, տրանսպորտային, մշակութային և հումանիտար կապերի զարգացում, ինչպես նաև ընդհանուր մարտահրավերների և սպառնալիքների դեմ։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրոյը դեկտեմբերի 5-ին հայտարարել էր, որ Հարավային Կովկասի հարցով «3+3» ձևաչափով նոր հանդիպում է նախապատրաստվում։
«3+3» Խորհրդատվական տարածաշրջանային հարթակի առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 10-ին՝ Մոսկվայում։ Հանդիպումը համանախագահել են Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի փոխարտգործնախարարները, ինչպես նաև Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրենը։ Համագործակցության վեցակողմ ձևաչափի՝ Ռուսաստան, Իրան, Թուրքիա գումարած Հարավային Կովկասի երկրներ՝ Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, նախաձեռնությամբ ավելի վաղ հանդես են եկել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը։