Թուրքական բանակի հրետանին դադարեցրել է Սիրիայի հյուսիսում սահմանամերձ շրջանների ինտենսիվ գնդակոծումը, հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով Դամասկոսում հրատարակվող Al Watan թերթը:
Ինչպես գրում է գործակալությունը, Հալեպի հյուսիսային սահմանամերձ շրջաններում թուրքական և սիրիական զորքերի միջև շփման գծում անդորր է հաստատվել։ Միևնույն ժամանակ, ըստ պարբերականի, թուրքական հրետանին ժամանակ առ ժամանակ հարվածներ է հասցնում սիրիական տարածքի խորքում գտնվող քրդական կազմավորումների դիրքերին, հարձակումների համար օգտագործվում են նաև անօդաչու թռչող սարքեր:
Նշվում է, որ նոյեմբերի 27-ին Սիրիայի զինված ուժերի հրամանատարությունը ռազմական ուժեր, ծանր զենքեր և զրահատեխնիկա է տեղափոխել Հալեպ, Ռաքքա և Հասեկե Նահանգներ՝ թուրքական հնարավոր ներխուժումը կանխելու համար: Կառավարական ուժերը դիրքեր են գրավել այն Էլ Արաբ, Մանբիջ և Թել Ռիֆաաթ շրջաններում, որոնք գտնվում էին քրդական կազմավորումների ձեռքում։
Պարբերականի տեղեկություններով՝ այս շաբաթ ռուս զինվորականների աջակցությամբ կողմերի միջև պայմանավորվածություններ են ձեռք բերվել Սիրիայի հյուսիսում ռազմական էսկալացիան դադարեցնելու նպատակով։ Զինադադարի պայմանները ենթադրում են, որ քրդական «Ժողովրդավարական Սիրիայի ուժերի» և «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» ջոկատների մարտիկները պետք է 30 կմ հեռավորության վրա հեռացվեն անվտանգության գոտուց, որը Անկարայի կողմից ստեղծվել է 2019 թվականին սահմանային տեղանքում:
Թուրքիայի ռազմաօդային ուժերը նոյեմբերի 20-ին սկսել են ավիահարվածներ հասցնել Սիրիայում և Իրաքում քրդական ուժերի դիրքերին։ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Անկարան կարող է չսահմանափակվել Սիրիայի հյուսիսում քրդական խմբավորումների դիրքերին ավիահարվածներով, այլ ցամաքային գործողություն սկսել նրանց դեմ։