Ռուսական շոուբիզնես ներկայացուցիչ Թինա Կանդելակին անդրադարձել է Արցախը Հայաստանին կապող ճանապարհի փակման ադրբեջանական պատճառաբանություններին։
«Բայց որտե՞ղ է էկոլոգիան, և որտե՞ղ է Ադրբեջանը։ Ադրբեջանցիներն իրենք շատ լավ գիտեն իրենց երկրում աղբանոցների, և Կասպից ծովի աղտոտման մասին, և այն մասին, որ Բաքուն, մեղմ ասած, ամենամաքուր տարածքը չէ։ Եվ ինչ կապ ունի Արցախը ՝ կանաչի ու մաքուր ջրերի այդ եզերքը։ Հավանաբար, բոլորը պետք է զբաղվեն իրենցով և չփորձեն թաքցնել իրենց խնդիրները հարևանի վրա հարձակումների հետևում»-գրել է նա իր Telegram-ալիքում։
Ըստ նրա՝ «էկոակտիվիստների» յուրաքանչյուր հարձակման հետևում կան իրական զոհեր, կորուստներ, սկանդալներ։ «Արցախի դեպքում նրանք ամենասովորական և հասարակ մարդիկ են, հանրապետության բնակիչները, նրանք, ովքեր հաստատ կապ չունեն բնապահպանության հետ»,-նշել է Կանդելակին։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Իրավիճակի զարգացումների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի։ Հիշեցնենք, որ քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, այսօր առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հարցով կայացել է նաև ՀՀ ԱԽ նիստ։
Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։
Ռուբեն Վարդանյանն այսօր հրատապ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Քաղպաշտպանության ոլորտում ընդգրկված գերատեսչությունների ղեկավարների և պատասխանատուների մասնակցությամբ: Վարդանյանը տեղեկացրել է, որ կառավարությունում իր ղեկավարությամբ կստեղծվի օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով: