Լաչինի միջանցքով երթևեկության դադարեցումը ծանր հումանիտար հետևանքներ ունի և վնասում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին։ Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ երեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։
«Մենք հստակ հայտարարել ենք, որ Լաչինի միջանցքի փակումը ծանր հումանիտար հետևանքներ ունի, հետ է մղում խաղաղ գործընթացը», – ասել է Փրայսը: Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել միջանցքով ազատ երթևեկությունը»։
«Էներգետիկ ենթակառուցվածքների աշխատանքի ցանկացած կասեցում, և մենք տեսել ենք հաղորդագրություններ էներգետիկ ենթակառուցվածքների աշխատանքի դադարեցման մասին, կարող է խորացնել հումանիտար ճգնաժամը, հատկապես ձմռան ամիսներին։ Անընդունելի է Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը վնաս հասցնելը», – նշել է նա։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Իրավիճակի զարգացումների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի։ Հիշեցնենք, որ քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, այսօր առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հարցով կայացել է նաև ՀՀ ԱԽ նիստ։
Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։
Ռուբեն Վարդանյանն այսօր հրատապ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Քաղպաշտպանության ոլորտում ընդգրկված գերատեսչությունների ղեկավարների և պատասխանատուների մասնակցությամբ: Վարդանյանը տեղեկացրել է, որ կառավարությունում իր ղեկավարությամբ կստեղծվի օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին փակել է Արցախի գազամատակարարումը։