Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի կողմից դիմումներ են հղվել Քույր Եկեղեցիների պետերին, միջազգային ու միջեկեղեցական կազմակերպություններին՝ Ադրբեջանի այս անմարդկային գործողություններին հակազդելու և արցախահայության հումանիտար աղետալի իրավիճակը հաղթահարելու համար: Այս մասին հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։
«Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող սադրանքը՝ բնապահպանական կեղծ պատճառաբանություններով Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակումը, ինչի հետևանքով վտանգվել են արցախցիների կենսական իրավունքները՝ կանգնեցնելով արցախահայությանը հումանիտար աղետի առաջ»,- ասված է հայտարարությունում։
Մայր Աթոռը նմանօրինակ սադրիչ գործողությունները համարում է էթնիկ զտումների իրականացմանն ուղղված, որոնք հերթական անգամ ի ցույց են դնում Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը: Ստեղծված կացությունն անվիճարկելի է դարձնում այն իրողությունը, որ արցախահայության անվտանգ կյանքը հնարավոր չէ Ադրբեջանի կազմում:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սպասումն է, որ միջազգային հանրությունը համարժեք գնահատականներ կտա մարդու իրավունքների հիմնարար նորմերը ոտնահարող Ադրբեջանի սադրանքներին, որոնք մեծապես վտանգում են տարածաշրջանի փխրուն խաղաղությունը և կայունությունը:
«Հորդորում ենք նաև Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին, մարդասիրական իր կոչմանը հավատարիմ, շոշափելի և առարկայական քայլեր ձեռնարկել ադրբեջանական հրահրիչ գործողությունները բացառելու համար: Աղոթում ենք, որ Աստված Իր աջի հովանու ներքո խաղաղ ու անվտանգ պահի Արցախ աշխարհը, միասնական ու համախումբ՝ մեր ժողովրդին»,- ասված է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի:
Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։ Ռուբեն Վարդանյանն աշխատանքային խորհրդակցության ժամանակ տեղեկացրել էր, որ կառավարությունում իր ղեկավարությամբ կստեղծվի օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանը դադարեցրել էր Արցախի Հանրապետության գազամատակարարումը: