Դեկտեմբերի 12-ին Թումոն, գերմանական KfW Group-ը և Starkmacher e.V.-ն ստորագրեցին պայմանագիր՝ Մանհայմում Թումո կենտրոն բացելու մասին: Սա կլինի երկրորդ Թումո կենտրոնը Գերմանիայում` 2020-ին բացվաց Բեռլինի Թումոյից հետո: Այս մասին հայտնում են ԹՈՒՄՈ-յի հանրային կապերի բաժնից։
Ստորագրման արարողության ժամանակ Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանն ընդգծեց. «Շատ ուրախ ենք, որ կարող ենք մեր ներդրումն ունենալ Մանհայմի երիտասարդների` տեխնոլոգիական կրթության միջոցով իրենց ամբողջ ներուժն իրացնելու հարցում։ KfW-ի մեր գործընկերներն ունեն հստակ տեսլական գերմանացի պատանիների հաջորդ սերնդի կարիքների վերաբերյալ: Նրանք մեծ արդյունավետությամբ են ներկայացնում Թումոյի կոնցեպտը և միավորվում գործընկերների հետ` ծրագիրն ամբողջ երկրով տարածելու համար»:
Եռակողմ պայմանագիրը ստորագրել են Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը, KfW-ի նորարարությունների բաժնի ղեկավար Մայքլ Շտրաուսը և Starkmacher e.V.-ի համահիմնադիրներ Քրիստիան Ռոյզերն ու Նիկոլաս Բոշը:
Թումոն ամպային համակարգի միջոցով միջազգային գործընկերներին ապահովում է կրթական բովանդակությամբ և ծրագրային հարթակով: Համագործակցությունը նաև նախատեսում է անձնակազմի ուսուցանում Թումոյի հայաստանյան գլխամասում, տեխնիկական աջակցություն, որակի ապահովում և խորհրդատվություն նոր կենտրոնների ստեղծման և գործարկման ընթացքում: Թումոյի միջազգային ցանցից ստացված եկամուտներն օգնում են ավելացնել կենտրոնի գործառնական բյուջեն՝ Հայաստանում և Արցախում ավելի ու ավելի շատ պատանիների անվճար կրթությամբ ապահովելու համար։
KfW Group-ի գործադիր տնօրեն Ստեֆան Վինթելսը այսպես է հիմնավորում ընկերության շարունակական համագործակցությունը Թումոյի հետ. «Թվային կրթությունը Գերմանիայի տեխնոլոգիական զարգացման առանցքային օղակներից է։ Թումոն թույլ է տալիս երիտասարդներին զարգացնել իրենց թվային հմտությունները՝ ըստ իրենց հետաքրքրությունների և, այսպիսով, նաև աջակցում է Գերմանիան որպես տեխնոլոգիական և արդյունաբերական կենտրոն ամրապնդելու գործին: Թումոյի` թվային հմտությունների անվճար տրամադրման եզակի մոտեցումը թույլ է տալիս էլ ավելի հաստատուն դարձնել հավասար հնարավորությունները և անձնական պատասխանատվության մակարդակը: Սա հատուկ առավելություններ է տալիս մեր հասարակությանը»:
Starkmacher e.V.-ի համահիմնադիր Քրիստիան Ռոյզերը պայմանագիրը ստորագրելիս նշեց. «Մենք իսկապես ուրախ ենք Թումոյի ծրագիրը բերել Մանհայմ՝ Հռենոս-Նեքար տարածաշրջան։ Թվային ուսուցման ավելի ճշգրիտ և բացառիկ գաղափար ես երբևէ չեմ տեսել, մինչդեռ մենք բազմաթիվ երկրների հետ ենք աշխատում թե՛ Եվրոպայում և թե՛ աշխարհով մեկ: Սա մեզ համար մեծ հնարավորություն է: Ինչո՞ւ: Որովհետև ծրագիրն իսկապես կենտրոնանում է կրթության և երիտասարդներին լավ ապագայով ապահովելու առաքելության վրա: Թումոն Մանհայմ բերելով` մենք Մանհայմ ենք բերում ապագան, և ես շատ շնորհակալ եմ Թումոյի թիմին սրա համար»:
Մանհայմի Թումո կենտրոնը, որը կբացվի Mafinex տեխնոլոգիական կենտրոնում 2023-ի աշնանը, նախատեսված կլինի 1000 ուսանողի համար և կկիրառի Բեռլինի կենտրոնի փորձը` ներառելով կրթական ծրագրի տասը ոլորտներ՝ ծրագրավորում, երաժշտություն, ռոբոտաշինություն, անիմացիա, եռաչափ մոդելավորում, ֆիլմարտադրություն, խաղերի ստեղծում, գրաֆիկական դիզայն, նկարչություն և լուսանկարչություն: