Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության այսօրվա տեղեկագրում նշվում է, որ շարունակվում են բանակցությունները Լաչինի ճանապարհի բացման համար
«2022 թվականի դեկտեմբերի 13 – ի ընթացքում ռուս խաղաղապահների հրամանատարության կողմից շարունակվել է բանակցային գործընթացը ադրբեջանական և հայկական կողմերի հետ՝ իրավիճակը կայունացնելու և Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի երթևեկելի մասի ապաշրջափակման ուղղությամբ»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հարցով կայացել է նաև ՀՀ ԱԽ նիստ։
Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։
Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին փակել է Արցախի գազամատակարարումը։