Չորրորդ օրն է, ինչ Ադրբեջանը բլոկադայի մեջ է պահում ամբողջ Արցախը: 120 հազար բնակիչ այս պահին տոտալ շրջափակման մեջ է: Armenia Today-ի նկարահանող խմբին հաջողվել է հասնել Արցախի Մեծ Շեն և Լիսագոր համայնքներ ու զրուցել բնակիչների հետ: Մեծ Շեն գյուղ հասնելու համար անցանք ռուս խաղաղապահների երեք անցակետ, իսկ Լիսագոր գյուղ հասնելու համար՝ երկու։ Համայնքներում են իջևանել քաղաքացիներ, որոնք ուղևորվում էին Արցախի այլ հատվածներ, բայց ճանապարհի փակվելուց հետո մնացել են այս գյուղերում:
Նկարահանման ժամանակ ադրբեջանցիները դադարեցրել էին Արցախին գազ մատակարարել: Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Արցախի գազամատակարարումը վերականգնվել է։ Այս մասին ուղիղ եթերում հայտարարեց պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Պետնախարարի խոսքով, ադրբեջանական կողմը խոստացել է այսօր բացել Լաչինի միջանցքը։ Կյանքի ճանապարհը, որն արդեն ավելի քան 96 ժամ է՝ փակ է:
Ինչպես են ապրում գյուղի բնակիչները շրջափակման մեջ
«Գյուղը լքելու ցանկություն չկա, ապրում ենք այնպես, ինչպես մինչև այս դեպքերը: Գազ չունենք արդեն մի քանի ամիս, ճանապարհը կառուցելու ժամանակ խողովակը վնասվել է»,- ասում է Մեծ Շեն գյուղի համայնքապետ Դավիթ Դավթյանը:
«Պարենի խնդիր առայժմ չունենք, գյուղացիների մոտ պաշարը շատ է լինում, բնական միս, կարտոֆիլ, լոբի ենք ուտում: Միակ խնդիրը թոշակառուների դեղամիջոցներն են, որոնք վերջանալու վրա են»,- ասում է նա:
Ինչ են համայնաբնակները մտածում այս ամենի մասին
Ոմանք բողոքում են, որ իրենց հարցերին ականջալուր չեն: «Երկու օր է գնում եմ տուն՝ չեմ հասնում, մի մեծամեծ չկա, դուրս գա մեր հարցերին պատասխանի: Մեր ճանապարհով մենք միշտ գալու ենք ու գնալու ենք, մենք մեր հայրենիքում ապրելու ենք, ու որպես հայ ենք ապրելու, ոչ թե թուրք»,- ասում են գյուղացիները:
Մեզնից՝ ժողովրդից, ոչինչ արդեն կախված չի, որոշողը վերևում ղեկավարներն են, մեծ-մեծ պետությունների տերերն են: Ժողովուրդն անելիք չունի արդեն, համոզված է արգելափակված գյուղի բնակիչը:
«Ես ապրելու եմ իմ տանը, իմ դռանը, իմ հողում, իմ ջրում, պարզապես ժողովրդի անվտանգությունը պետք է ապահովեն:
Մեծ-մեծ պետությունները փորձում են իրենց ազդեցության գոտին ստեղծեն էս տարածաշրջանում, ահա և վերջ»,- կարծում են արցախաբնակները:
Նրանք մտածում են, որ ժողովուրդը իշխանությունների ձեռքին խաղալիք են. «Ոնց ուզում են՝ պտտեցնում են, և՛ մեզ, և՛ ադրբեջանցիներին: Իրենց իշխանությունն իրենց ժողովրդին է «ֆռռցնում», մեր իշխանությունն էլ՝ մեզ ու թողնում էս վիճակում»,- ասում են մեր զրուցակիցները:
Ինչ է ուզում արցախցին ու ինչ է ցանկանում հայությանը Ամանորին
«Սիրե՛լ հայրենիքը և երբեք չմտածել անձնական շահի մասին, այլ մտածել ժողովրդական շահի մասին: Հայրենիքը սկսվում է ընտանիքից, ընտանիքը հայրենիք-օրգանիզմի մեկ բջիջն է, որից եթե մեկը վնասվում է, քաղցկեղ է առաջանում»,- ասում են շրջափակված գյուղի բնակիչները:
Ավելի քան 100 ժամ է, ինչ 120 000-անոց արցախահայ բնակչությունը զրկված է արտաքին աշխարհի հետ բոլոր կապերից: Ազգային ժողովն ընդունեց «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» հայտարարության նախագիծը: Պատգամավորները կոչ են անում խստորեն և հասցեական կերպով դատապարտել Ադրբեջանի գործողությունները և միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի ծավալումը կանխելու համար:
Երևանում ընթանում են բողոքի ակցիաներ, իսկ Արցախում նախատեսված է դեկտեմբերի 17-ին անցկացնել հանրահավաք:
ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներն արձագանքել են իրադարձություններին, Միացյալ Նահանգները կոչ է արել Ադրբեջանին վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։
Ֆրանսիան կոչ է արել Ադրբեջանին ապաշրջափակել Լաչինի միջանցքը. Սենատոր Վալերի Բուայեն իր հերթին կոչ է արել միջազգային հանրությունը դատապարտել Ադրբեջանի գործողությունները, իսկ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ խաղաղապահների հրամանատարությունը բանակցում է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի բացման շուրջ։
ԵՄ-ն Բաքվին կոչ է արել ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը, Պեկինը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին բանակցել Լաչինի միջանցքի արգելափակման շուրջ: ՄԻԵԴ-ը Լաչինի հարցով վերջնաժամկետ է տրամադրել Ադրբեջանին, որից հետո որոշում կկայացնի: