Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչում Արգենտինայի հավաքականը 11 մետրանոցներով առավելության հասավ Ֆրանսիայի նկատմամբ և երրորդ անգամ նվաճեց տիտղոսը: Հանդիպումը տեղի է ունեցել կիրակի օրը Լուսաիլի Ազգային մարզադաշտում։
Հիմնական ժամանակն ու երկու լրացուցիչ խաղակեսերն ավարտվել են 3:3 հաշվով: Արգենտինացիների կազմում խփած գնդակներով աչքի ընկան Լիոնել Մեսին (23-րդ րոպե, 11 մետրանոցից, 108-րդ) և Անխել Դի Մարիան (36): Ֆրանսիացիների մոտ հեթ-տրիկի հեղինակ դարձավ Կիլիան Մբապեն (80, 11 մետրանոցից, 81, 118, 11 մետրանոցից)։ 11 մետրանոցների շարքն ավարտվել է 4:2 հաշվով՝ հօգուտ Արգենտինայի հավաքականի:
Արգենտինայի հավաքականը երրորդ անգամ դարձավ աշխարհի առաջնության հաղթող: Ավելի վաղ արգենտինացիները հաղթել են 1978 և 1986 թվականներին։ Ֆրանսիացիներն աշխարհի չեմպիոն են դարձել 1998 և 2018 թվականներին։ Տիտղոսների քանակով ռեկորդակիրը Բրազիլիայի հավաքականն է (հինգ անգամ), չորս անգամ հաղթել են իտալացիներն ու գերմանացիները, երկու անգամ չեմպիոն են դարձել ուրուգվայցիները, մեկական անգամ՝ անգլիացիներն ու իսպանացիները։