Հոկտեմբերին Հայաստան ուղարկված ԵՄ մոնիթորինգային առաքելությունն այսօր լրացրեց իր մանդատը։
Այս մասին հայտնել է ԵՄ Խորհրդի մամուլի ծառայությունը:
«Հայաստանի, Ադրբեջանի, Եվրոպայի խորհրդի և Ֆրանսիայի ղեկավարների միջև ձեռք բերված համաձայնության համաձայն՝ հոկտեմբերի 20-ին EUMCAP-ը տեղակայվել է Ադրբեջանի հետ միջազգային սահմանի հայկական կողմի երկայնքով՝ իրավիճակի մոնիթորինգի, վերլուծության և տեղում իրավիճակի մասին հաշվետվություններ ներկայացնելու նպատակով:
Մոնիտորինգի նպատակով Հայաստանում 40 փորձագետների տեղակայումը արդյունավետ է եղել և նպաստել է վստահության ձևավորմանը։ Այսօր մենք սկսում ենք Հարավային Կովկասում ԵՄ փոխգործակցության նոր փուլ անցումային թիմի հետ, որը հող կնախապատրաստի Հայաստանում ԵՄ հնարավոր երկարաժամկետ առաքելության համար, որի վերջնական նպատակը տարածաշրջանում կայուն խաղաղության խթանումն է»,- ասել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը,
«ԵՄ խորհուրդը Հայաստանի կառավարության հետ պայմանավորվել է, որ Վրաստանում ԵՄ մոնիթորինգային առաքելությունից Հայաստան կուղարկվի աջակցության խումբ։ Այս խումբը նախատեսված է անցումային շրջանի համար և կիրականացնի երկարաժամկետ առաքելության նախապատրաստում, ինչպես նաև ԵՄ-ին կտեղեկացնի տարածաշրջանում անվտանգության վիճակի մասին: Ակնկալվում է, որ անցումային շրջանի պլանավորման աջակցության խմբին, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ԵՄ միջնորդությանը կաջակցի Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը», – հավելել է Բորելը։