Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը երրորդ տեղն է զբաղեցրել Լեհաստանի Կատովիցե քաղաքում անցկացված կայծակնային (բլից) շախմատի Եվրոպայի առաջնությունում և արժանացել բրոնզե մեդալի։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ մամուլի ծառայությունից։
22 պարտիայում վաստակած 17,5 միավորով Սարգսյանը լավագույն արդյունքն է ցույց տվել Չեխիայի ներկայացուցիչ Դավիդ Նավարայի և Լեհաստանի ներկայացուցիչ Մաչեյ Կլեկովսկու հետ, սակայն լրացուցիչ գործակիցների հաշվարկից հետո զբաղեցրել է երրորդ տեղը:
Շանթ Սարգսյանն առաջնությունում տարել է 15 հաղթանակ, 5 պարտիա ավարտել է ոչ-ոքի և կրել է 2 պարտություն:
Այս ստուգատեսում Հայաստանը ներկայացրել է նաև գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, որը կայծակնային շախմատի մրցաշարում զբաղեցրել է 9-րդ տեղը՝ վաստակելով 16,5 միավորով։
Կատովիցեում անցկացվել է նաև արագ շախմատի Եվրոպայի առաջնությունը, որտեղ, սակայն, Հայաստանի ներկայացուցիչներն անմասն են մնացել մեդալներից։
Շանթ Սարգսյանը զբաղեցրել է 16-րդ տեղը՝ 11 հնարավորից վաստակելով 8,5 միավոր, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը նույնքան միավորով մրցաշարն ավարտել է 18-րդ հորիզոնականում։