ՄԱԿ-ի ԱԽ երեկ կայացած նիստում Ադրբեջանի հայտարարությունը, թե իրենք չեն փակել Լաչինի միջանցքը, այլ երրորդ երկրներն են շահագրգռված դրանում, վերաբերում է Ռուսաստանին: Այս մասին ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:
«Դա ադրբեջանական կեղծ պրոպագանդիստական թեզ է, որը նրանք օգտագործում են տարբեր հարթակներում: Այս անգամ դա ՄԱԿ-ի ԱԽ-ում ասվեց, դրա համար երևի ուղիղ չասացին, որ Ռուսաստանին են մեղադրում: Ուրիշ հարթակներում նրանք բացեիբաց դա ասում են, ինչը, բնականաբար, չի համապատասխանում իրականությանը»,- նշեց Ռուբինյանը՝ հավելելով, որ Լաչինի միջանցքն ապօրինաբար արգելափակել են ադրբեջանցիներն ու Ադրբեջանը:
Միևնույն ժամանակ՝ ԱԺ նախագահի տեղակալը դրական գնահատեց ՄԱԿ-ի ԱԽ նիստը:
«Ըստ էության, բոլոր երկրների ներկայացուցիչները ֆիքսեցին, որ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը պետք է դադարի և կոչ արեցին Ադրբեջանին հավատարիմ մնալ նոյեմբերի 9-ի հայտարարության այն դրույթին, ըստ որի Լաչինի միջանցքը պետք է ապահովի անխափան կապ Հայաստանի և Արցախի միջև»,- ասաց նա:
«Դուք գիտեք, որ երեկ նիստի սկզբում ներկայացվեց, որ կա մամուլի հաղորդագրության նախագիծ, որը պետք է քննարկվեր: Իմ տեղեկություններով՝ այն հիմա քննարկման փուլում է, կտեսնենք՝ ինչ արդյունքներ կլինեն: Դա մի տեքստ է, որը կարող է լինել միայն կոնսենսուսով»,- ասաց Ռուբինյանը: