Լաչինի միջանցքը կարող է բացվել երկու դեպքում. կա՛մ երբ փակողների պահանջներն իրականացվեն, կա՛մ երբ փակողները տեսնեն, որ իրենց պահանջներն իրականացնել չի ստացվում և այլևս անհնար է պահանջել դրանց իրականացումը: Այս մասին ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:
Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ մինչև տարվա վերջ միջանցքը բացվի, Եղոյանն ասաց. «Այս պահին դրա հավանականությունը կա, բայց կա նաև չբացվելու հավանականություն: Մենք երկրորդ տարբերակով պետք է առաջ շարժվենք, որովհետև առաջին տարբերակով շարժվելու տեղ չունենք»:
Պատգամավորն ընդգծեց, որ Հայաստանը շարունակելու է իր ջանքերը, որպեսզի մեծանա միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա։
«Երբ քաղաքական ուժերի հարաբերակցությունը փոխվի, այդ ժամանակ էլ իրավիճակը գետնի վրա կփոխվի: Կարծում եմ, որ կա հավանականություն, որ ճանապարհը կբացվի»,- նկատեց Եղոյանը:
Նրա խոսքով՝ կարևորը, որ հարցը մտավ միջազգային օրակարգ, որ այնտեղ հնչեցին ձևակերպումներ, որոնք Ադրբեջանը ոչ մի կերպ չէր ցանկանա, որ հնչեին, և այդ մասին իրենք ասացին, հարցը միջազգայնացվեց և դա ինքնին արդեն իսկ գործիք է գետնի վրա իրավիճակը կա՛մ լավացնելու, կա՛մ դեպի ավելի վատը չտանելու: