Այս տարվա դեկտեմբերի 26-ից մինչև 2023թ. փետրվարի 20-ը կհայտարարվի զորակոչ։ Համապատասխան որոշում ընդունեց կառավարությունը դեկտեմբերի 22-ի նիստում։
Ըստ նախագծի՝ պարտադիր սպայական կազմի զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացվելու է մինչև 2023թ. փետրվարի 20-ը ներառյալ, քանի որ ՀՀ կառավարության որոշմամբ սպայական կազմի 2020թ. պարտադիր զինծառայության զորակոչն իրականացվել է մինչև 2021թ. փետրվարի 20-ը:
Նշենք, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա են պահեստազորի սպայական կազմի արական սեռի քաղաքացիները՝ մինչև 35 տարին լրանալը, իսկ 4-րդ մասի պահանջների համաձայն՝ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվում է Կառավարության որոշմամբ` տարվա ընթացքում ոչ պակաս, քան մեկ անգամ:
Որոշման նախագծով սահմանվում է պահեստազորի սպայական կազմի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի զորակոչի հայտարարման և կազմակերպման գործընթացը, դրա անցկացման ժամկետները, զորակոչի ապահովման ուղղությամբ գործողությունների շրջանակը: