Միջադեպերը կշարունակվեն, եթե ամեն անգամ կողմերից մեկը հրաժարվի բանակցությունների համաձայնեցված փուլից, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Այսպես է նա մեկնաբանել Հայաստանի հրաժարումը Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը մասնակցելուց։
«Դա ոչ ոքի երբեք օգուտ չի բերել։ Եվ նույնիսկ իր դիրքորոշումը միջազգային հանրությանը հասցնելու տեսանկյունից այստեղ նույնպես մեր հայ գործընկերը կորցրեց», – եզրափակել է Լավրովը։
Լավրովը նշել է, որ իր մոտ հարցեր են առաջացել նաև այն մեթոդի վերաբերյալ, որով Հայաստանը հայտնել է եռակողմ հանդիպումից հրաժարվելու մասին։
Հարյուրավոր ադրբեջանցիներ, ովքեր իրենց «էկոակտիվիստներ» են անվանում, դեկտեմբերի 12-ի առավոտյան փակել են Լաչինի միջանցքը, ինչի արդյունքում Արցախը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ։ Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանն ավելի ուշ հայտարարեց, որ այդ մարդկանց մեջ նկատվել են թուրքական հատուկ ծառայություններին պատկանող «տարրեր», մասնավորապես՝ «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպության նշաններ։ Արցախի շրջափակումից հետո Ադրբեջանը նաև մի քանի օրով դադարեցրեց գազամատակարարումը հանրապետություն։ Այս կապակցությամբ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հանրապետությունում ներդրել է վառելիքի տնտեսման ռեժիմ, բացառություն է արվել շտապօգնության և այլ հատուկ ծառայությունների համար։ Ավելի ուշ նա հայտարարեց, որ միջանցքի վաղաժամ ապաշրջափակման հնարավորություն կա, սակայն մինչ այժմ դա տեղի չի ունեցել։