Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը դեկտեմբերի 24-ին հեռախոսով քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին Թվիթերում գրառում է արել Բորելը։
«Կառուցողական հեռախոսազրույց եմ ունեցել Իլհամ Ալիևի հետ։ Քննարկվել է Լաչինի միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատության և հումանիտար մուտքի անհրաժեշտությունը, կայունության պահպանման կարևորությունը և ԵՄ-ի ներկայությունը տարածաշրջանում EUMCAP-ի (ԵՄ մոնիթորինգային առաքելություն) ավարտից հետո»,- գրել է Բորելը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում։ Նիստի ընթացքում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հայտարարել են միջանցքով երթևեկությունը վերականգնելու անհրաժեշտության մասին: