Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում դեկտեմբերի 23-ից 27-ը Coca-Cola-ի աջակցությամբ Սուրբ Ծննդյան մեծ տոնավաճառ կանցկացվի, որտեղ ներկայացված կլինեն ավելի քան 200 կազմակերպություններ՝ ամանորյա առաջարկներով: Այս մասին ասվում է Instagram-ում:
Տոնավաճառը, որի կազմակերպիչն է Big Projects LLC ընկերությունը, կգործի ժամը 12:00-ից 23: 00-ը, մուտքն ազատ է: Տոնավաճառում կներկայացվեն մսամթերք և կաթնամթերք, կիսաֆաբրիկատներ, ծովային մթերքներ, մրգեր և բանջարեղեն, պահածոներ, հրուշակեղեն և չրեր, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ, հագուստ, մանկական խաղեր և խաղալիքներ, դեկորացիա, ինչպես նաև գրքեր:
Տոնավաճառի այցելուներին կդիմավորեն Սանտա Կլաուսն ու մուլտիպլիկացիոն ֆիլմերի հերոսները։ Նրանց սպասում են նվերներ, հյուրասիրություններ և այլ անակնկալներ։ Կկազմակերպվի նաև ամանորյա ֆիլմերի ցուցադրություն։ Հանրապետության հրապարակից դեպի մարզահամերգային համալիր և հակառակ ուղղությամբ ավտոբուսները ժամը 12:00-ից մինչեւ 20: 00-ը 1 ժամ ընդմիջումով երթևեկելու են անվճար:
Ընկերությունների տոնավաճառին մասնակցելու համար պետք է գրանցվել կայքում։ Տեղի կունենա նաև վիճակախաղի խաղարկություն, կտրոնը ստանալու համար ևս անհրաժեշտ է նախապես գրանցվել կայքում: