Բոլորիս հայտնի է, որ Ադրբեջանը հերթական անգամ սադրում է և լուրջ հումանիտար աղետի առջև է կանգնեցրել Արցախի բնակչությանը: Armenia Today-ի հետ զրույցի ընթացքում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:
Նրա խոսքով, քանի որ Արցախ գնացող միակ ճանապարհը Սյունիքի մարզով է, մարդիկ հիմնականում այնտեղ են՝ Գորիսում:
«Մարզպետարանը փորձում է աջակցել, մենք հոգ ենք տանում բոլոր այն մարդկանց գիշերակացը, սնունդը նաև հրատապ անհրաժեշտության խնդիրները, այն մարդկանց համար, ովքեր դժվարանում են կամ չունեն ֆւնանսական հնարավորություն: Հարյուրավոր քաղաքացիներ, ծերեր ու երեխաներ կան, ու բնականաբար խնդիրները բազմազան են»,- ասաց մարզպետը:
Ղուկասյանի խոսքով, այս պահի դրությամբ, չկա քաղաքացի, ում հարցը չի լուծվել, ով դիմել է Սյունիքի մարզպետարանի թեժ գծին և իրենք չեն լուծել:
«Այս պահին դեռ դիմանում ենք, չգիտենք սա դեռ ինչքան կարող է շարունակվել և ինչի կարող է հանգեցնել, բայց այս պահի դրությամբ կառավարելի է, փորձելու ենք այնպես անել, որ հյուրանոցներն ամբողջությամբ չլցվեն, խնդիրներից խուսափելու նպատակով: Ունենք բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր վերադարձել են Երևան, իրենց բարեկամների ու հրազատների մոտ: Իրականում շատ ցանկալի է, որ այսպես շարունակվի, քանի որ այդպես ավելի կառավարելի կպահենք Սյունիքի մարզը»,- ասաց Ռոբերտ Ղուկասյանը:
Հարցին, թե այս պահին ում վրա է քաղաքացիների կացության ֆինանսական բեռը, մարզպետը պատասխանեց, որ Սյունիքի մարզի ներդրման և զարգացման հիմնադրամի միջոցով մարզպետարանը բեռը մասամբ վերցրել է իր վրա:
«Կան կազմակերպություններ որոնք աջակցում են, այսինքն և՛ պետական գումարներ են, և՛ տարբեր կազմակերպություններ են գումարներ հատկացնում: Այս պահին ֆինանսական հոգսը կառավարելի է, խնդիրներ չունենք և արագ կբացվի ճանապարհը»,- ասաց Ռոբերտ Ղուկասյանը:
Դիտարկմանը, թե՞ արդյոք կան քաղաքացիներ, որոնք առողջության հետ կապված խնդիրներ ունեն, մարզպետը պատասխանեց, որ բնականաբար ունեն այդպիսի քաղաքացիներ, և Գորիսի բժշկական կենտրոնի ամբողջ անձնակազմը, ընդհուպ շտապ օգնության բրիգադները ինտենսիվ կապ են պահպանում հյուրանոցների հետ:
«Բնականաբար կան քաղաքացիներ, ովքեր բուժման մի փուլում են, և պիտի վերադառնան Արցախ, բուժումը շարունակելու նպտակով, այդ մասով ունենք խնդիրներ»,- ասաց Ղուկասյանը:
Սյունիքի մարզպետարանը բոլոր համայնքների և կառույցների ղեկավարների հետ ամբողջությամբ պատրաստ են անել առավելագույնը, քանի որ Արցախ-Սյունիք մեկ ամբողջություն և մեկ մարմին են, ասաց մարզպետը, հավելելով որ ոչ մի արցախցի իրեն այս տարածքում չպիտի նեղված զգա:
«Սյունեցի բազմաթիվ ընտանիքներ առաջարկում են իրենց աջակցությունը, որ մարդիկ գան իրենց տանը մնան: Այս պահի դրությամբ Սյունիքի մարզում ճգնաժամ չկա, անհրաժեշտության դեպքում կընդգրկվեն նաև այլ օղակներ, բայց այս պահի դրությամբ Գորիսի համայնքապետարանը անում է առավելագույնը, քանի որ խնդիրն այստեղ է կենտրոնացել, բայց իրենց օժանդակությունը պատրաստ է ցուցաբերել Մեղրիի, Կապանի, Քաջարանի համայնքապետարանը և ոչ միայն, այլ բազմաթիվ կազմակերպություններ»,- ասաց մարզպետը:
Ղուկասյանի խոսքով, Ադրբեջանի մոտեցումները նույնն են, սադրանքներ կրակոցներ, բայց Սյունիքը մնալու է Սյունիք, այնպիսին ինչպիսին որ կա պատմությունից ի վեր և դա քննարկման ենթակա չէ:
«Ինչքան էլ որ փորձեն սադրել, մեզ ավելի շատ միավորելու են: Սյունիքի հետ այդքան էլ հեշտ չի»:
Մանրամասները՝ տեսանյութում: