Armenia Today-ը հարցում է արել քաղաքացիների շրջանում՝ հետաքրրքվելով, թե ինչ սպասելիքներ ունեն 2023 թվականից:
Հարցված քաղաքացիների մեծամասնությունը խաղաղություն էր ցանկանում: «Սպասում եմ, որ երկրում լավ նորություններ լինեն, խաղաղություն, համերաշխություն, պատերազմ չլինի, թո՛ղ մեր երիտասարդները, երկիր պահպանողները անփորձանք մնան»,- ասաց հարցվածներից մեկը:
Սակայն այլ պատասխաններ ևս հնչեցին, մասնավորապես մի քաղաքացի ասաց, որ կուզեր Հայաստանը ՌԴ-ի ազդեցությունից դուրս գար:
«Նոր հնարավորություններ Հայաստանի համար, որ դուրս գանք ՌԴ-ի տիրապետության տակից»,- նշեց նա:
Իսկ ահա մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ եթե գործող իշխանությունները մնան երկրի ղեկին, ապա ոչ մի լավ բանի սպասել պետք չէ:
«Եթե այս պատահական մարդիկ մնան, ոչ մի լավ բան… գնալով ամեն ինչ վատանալու է, անտերությունը, անարխիան ավելի շատանալու է: Ինչ արեց մեր պարոն վարչապետը, Ազգային ժողովը վերածեց մանկապարտեզի, կառավարությունը վերածեց մանկապարտեզի, քաղաքապետարանը մանկապարտեզ է ու մանկապարտեզ…դե ի՞նչ լավ բան կարելի է սպասել մանկապարտեզից, ոչ մի: Վատն այն է, որ իրենք իրենց հանճարեղ դեմքի տեղ են դրել»,- ասաց նա:
Մեկ այլ քաղաքացի էլ պատասխանեց, որ միայն կուզեր իր զինվոր որդին տուն գար: «Զինվորս՝ տղաս, անփորձանք տուն գա. խաղաղություն լինի: Այդքան բան»,- հուզված ասաց կինը:
Մանրամասները՝ տեսանյութում: