Երեկ Արցախից Երևան տեղափոխված երեք բուժառուների առողջական վիճակն այս պահին կայուն է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Իրականացվում են հետազոտություններ, նրանք ամբողջական բժշկական օգնություն կստանան: Բայց սա չի նշանակում, որ իրավիճակն ուղղվում է: Ճանապարհի փակ լինելու ամեն օրն ավելի ու ավելի է խորացնում հումանիտար ճգնաժամը: Արցախում դեղորայքի, բժշկական նշանակության պարագաների, սննդի ու բոլոր անհրաժեշտ ապրանքների պակաս կա: Այդ պակասը լրացնելու համար արվում է հնարավորը, բայց իրավիճակը նման ընթացիկ լուծումներով չի կարող մեղմվել»,- ասել է Ավանեսյանը:
Նա հայտնել է, որ ՀՀ մասնագետները շարունակում են համակարգված աշխատել Արցախի գործընկերների հետ՝ հեռակա կարգով տրամադրելով բժշկական խորհրդատվություն:
Անդրադառնալով կորոնավիրուսային իրավիճակին՝ Ավանեսյանը նշել է, որ իրավիճակն այդ առումով հանգիստ է:
«Բայց այս տարի գրիպի բռնկումներ ունենք, որոնք շատ բնորոշ են այս շրջանին: Խրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց, ինչպես նաև մինչև 12 տարեկան երեխաներին կհորդորեի պատվաստվել գրիպի դեմ: Այս տարի, ցավոք, շրջանառվում է նաև գրիպի H1N1 տեսակը, որը բավականին վտանգավոր է»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ երեկ ծանր վիճակում գտնվող 3 հիվանդներ Արցախից Կարմիր խաչ միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են Հայաստան տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հարցով կայացել է նաև ՀՀ ԱԽ նիստ։ Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։
Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով: Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին փակել է Արցախի գազամատակարարումը։
Մանրամասները՝ տեսանյութում: