Ռուսաստանը շարունակում է նպաստել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության ապահովմանը, իր ամանորյա ուղերձում ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Ավարտին մոտեցող տարին առանձնահատուկ է եղել երկու երկրների համար։ Հայաստանն ու Ռուսաստանը նշեցին հարաբերությունների հաստատման 30-ամյակը և Բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրի 25-ամյակը»,- ասել է նա։
«Սակայն դրանք միայն ուղենիշներ են, թեկուզև կարևոր, այն մեծ ու փառահեղ պատմական ուղու վրա, որով միասին անցնում են մեր ժողովուրդները։ Մեզ միավորում են ամենատարբեր ոլորտներում բազմապլան կապերը։ Շատ կարևոր է, որ մեր հարաբերությունների անբաժանելի մաս են կազմում սերտ միջմարդկային շփումները»,- նշել է նա։
Դեսպանի խոսքով՝ կյանքը տեղում կանգ չի առնում: «Մեր հարաբերություններում ստեղծված հիմքերը մեզ թույլ են տվել հաջողությամբ աշխատել մեր համագործակցության մեջ առկա ներուժը զարգացնելու ուղղությամբ։ Շարունակել են ամրապնդվել մշակութային, գիտական և կրթական կապերը՝ ապահովելով մեր ժողովուրդների խոր մշակութային և հոգևոր համախմբվածության պահպանումը: Մշակութային փոխանակումների օրակարգը աննախադեպ էր իր հագեցածությամբ։ Հոբելյանական ամսաթվերի շրջանակներում անցկացվել են՝ «Հայաստանի մշակույթի օրեր Ռուսաստանում» և «Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Հայաստանում»: Հայաստան և Ռուսաստան հյուրախաղերով ժամանել էին մեր երկրների առաջատար մշակույթի գործիչները»,- ասել է նա։
Դեսպանն ընդգծել է, որ անցնող տարում երկկողմ տնտեսական համագործակցությունը դինամիկորեն զարգացել և ընդլայնվել է: Ապրանքաշրջանառությունը աճել է: Ռուսաստանը մնացել է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը և ներդրողը հայկական տնտեսության մեջ:
«Մեզ համար ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում խորացել է փոխշահավետ համագործակցությունը: Հայաստանը հաջողությամբ նախագահել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում: Մենք ակտիվ և շահագրգռված համագործակցել ենք Եվրասիական տնտեսական միության ձևաչափով: Կյանքը ցույց է տվել, որ դա նպաստում է մեր երկրների զարգացմանը, ինչպես նաև, որ քիչ կարևոր չէ, իրնեց ուժերի վստահության և ինքնիշխանության ամրապնդմանը ներկայիս շատ բարդ և անհանգստացնող աշխարհում»,- ասել է նա:
Կոպիրկինի խոսքով՝ այս տարի երկու երկրները բախվել են իրենց անվտանգության և պետականության լուրջ մարտահրավերների: Նրանք հստակ ցույց են տվել ռազմավարական դաշնակցային փոխգործակցության արդիականությունն ու պահանջարկը:
«Ռուսաստանը, հենվելով եռակողմ պայմանավորվածությունների համալիրի վրա, նախաձեռնողականորեն և հաստատակամորեն աջակցել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: Ակտիվ դեր է խաղացել խոշորածավալ էսկալացիայի կանխման և Հարավային Կովկասում խաղաղության և հանգստության հաստատմանը նպաստելու գործում: Ռուսական խաղաղապահ զորախումբը որոշիչ ներդրում է ունեցել և շարունակում է ունենալ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության և կենսագործունեության ապահովման գործում: Այս մանրակրկիտ բազմապլանային աշխատանքը՝ չնայած բոլոր առկա դժվարություններին, անշուշտ կշարունակվի»,- ասել է նա:
Այսօր՝ աշխարհակարգի պատմական փոփոխությունների ժամանակաշրջանում, ռուս և հայ ժողովուրդների միջև դարավոր, իսկապես եղբայրական կապերը մեր ընդհանուր ժառանգությունն են, առանց որի պահպանման մեր երկրներին շատ ավելի դժվար կլիներ ապահովել իրենց արժանապատիվ և ամուր տեղը նոր համաշխարհային կարգում, ընդգծել է դեսպանը:
«Նոր տարվա տոնի հեքիաթը բոլորին միավորում է բարության, ջերմության և հոգատարության մթնոլորտում: Թող յուրաքանչյուր տանը լինի հնարավորինս շատ սեր, փոխըմբռնում, ուրախ և լուսավոր իրադարձություններ: Մեզանից յուրաքանչյուրին մաղթենք առողջություն, բարեկեցություն, համբերություն և տոկունություն: Երկու երկրների համար խաղաղություն և բարգավաճում: Շնորհավոր Նոր տարի»,- ասել է Կոպիրկինն իր ուղերձում