Ռուսաստանի Դաշնության սահմաններից դուրս ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի «Անխորտակելի եղբայրություն-2023» համատեղ զորավարժությունը կանցկացվի Հայաստանում, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Միջազգային ռազմական համագործակցության շրջանակներում 2023 թվականին նախատեսվում է համատեղ զորավարժություններ անցկացնել Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի ցամաքային զորքերի և օտարերկրյա պետությունների ազգային բանակների ստորաբաժանումների հետ»,- ասվում է զեկույցում։
Նախատեսվում է նաև ութ երկկողմ վարժանքներ անցկացնել Ռուսաստանի Դաշնության ռազմական շրջանների զորավարժություններում։
«Զորավարժությունների ընթացքում կմշակվեն ռազմական գործողությունների համատեղ պլանավորման, մասնակից երկրների ցամաքային զորքերի շտաբների և ստորաբաժանումների ներկայացուցիչների փոխգործակցության կարգը, ինչպես նաև պայմանական անօրինական զինված կազմավորումների վնասազերծման մարտավարական գործողություններ»,- ասված է հայտարարության մեջ։
Բոլոր զորավարժությունները կրելու են խաղաղապահ և հակաահաբեկչական բնույթ, ընդգծել են ՌԴ պաշտպանության գերատեսչությունում։