Ամանորը դիմավորել եմ տանը՝ ընտանիքիս անդամների հետ, ինչպես հայկական ավանդական ընտանիքներում։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում նշեց ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը։
Ինչպիսի՞ր էր նախորդ տարին հայ մարզուհու համար․ Հռիփսիմե Խուրշուդյանն այն գնահատեց միջին՝ ցավ հայտնելով միայն, որ Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ընթացող աշխարհի առաջնությունում չկարողացավ մեդալ նվաճել։
«Հայ ազգիս համար մեդալ նվաճելու ցանկությունս մեծ էր, սակայն ափսոսում եմ, որ հրում վարժությունում չկարողացա բարձրացնել պատվիրված 134 կգ-ոց ծանրաձողը, և զրկվեցի երկամարտի բրոնզե մեդալից»,- ասաց մարզուհին։
2023 թվականից ակնկալիքները մեծ են՝ մարզումներ, մրցումներ և հաղթանակի հույսեր․ «2023 թվականն իմ տարին է՝ նապաստակի տարին։ Իհարկե, ակնկալիքները մեծ են։ Կփորձեմ հասնել նոր նվաճումների»։
Հռիփսիմե Խուրշուդյանի ամանորյա մաղթանքը մեկն է, որպեսզի խաղաղություն լինի, սահմանին կանգնած զինվորները լինեն առողջ և պաշտպանեն մեր հայրենիքը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը երկամարտի 238 կգ (108+130 կգ) արդյունքով 4-րդ տեղն է զբաղեցրել Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ընթացող աշխարհի առաջնությունում։