Արցախի Հանրապետությունում օպերատիվ շտաբի նիստ է կայացել: Այս մասին հայտնել են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունեցած շտաբի նիստում քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման պայմաններում բնակչության կենսագործունեության և առաջնային կարիքների ապահովմանը վերաբերող հարցեր:
Պետնախարարին զեկուցվել է պարենային ապրանքների, դեղորայքի, բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում ընթացիկ իրավիճակը, ներկայացվել են խնդիրները: Նշվել է, որ բնակչության առաջնային կարիքների ապահովման համար պետական պահուստային պաշարներից որոշ ապրանքատեսակների մատակարարում կիրականացվի խանութներին: Պետնախարարը կարևորել է ապրանքատեսակների համաչափ բաշխումը, որպեսզի բնակչությունը հնարավորություն ունենա դրանք ձեռք բերել բոլոր խանութներից:
Ռուբեն Վարդանյանն ստեղծված իրավիճակում ընդգծել է նաև բնակչության հետ ուղիղ շփումների կարևորությունը և հանձնարարել օպերատիվ շտապի մի խումբ անդամների, ԱԺ ժողովի պատգամավորների հետ միասին, հանդիպումներ ունենալ շրջաններում և համայնքներում՝ բնակչությանը տեղեկացնելու համար իրավիճակի, Արցախի իշխանությունների և օպերատիվ շտաբի կողմից իրականացվող քայլերի ու ձեռնարկվող միջոցառումների մասին:
«Կարևոր է, որպեսզի բնակչությունը հենց առաջին ձեռքից իմանա թե՛ իրավիճակի, թե՛ կատարվող աշխատանքների մասին: Դա կօգնի նրանց ավելի լավ հասկանալ իրավիճակը և, անհրաժեշտության դեպքում, մասնակից լինել խնդիրների լուծմանը, ինչպես նաև տուրք չտալ ադրբեջանական ապատեղեկատվությանը»,-ընդգծել է Ռուբեն Վարդանյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հարցով կայացել է նաև ՀՀ ԱԽ նիստ։ Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։
Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով: Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին փակել է Արցախի գազամատակարարումը։