Մենք շարունակում ենք պահպանել մեր հանձնառությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ ապագայի խթանմանը, սակայն մենք ցանկանում ենք, որ Երևանն ու Բաքուն իրենք գրանցեն առաջընթաց։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։
«Մենք շարունակում ենք երկկողմանի համագործակցությունը համախոհ գործընկերների հետ, ինչպիսիք են Եվրամիությունը և միջազգային կազմակերպությունները, ինչպիսին է ԵԱՀԿ-ն՝ հեշտացնելու Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությունը, լուծումներ գտնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ դրանից բխող բոլոր չլուծված հարցերի համար»,- ասել է Փրայսը:
Նա հիշեցրել է, որ եղել են մի քանի դեպքեր, երբ քարտուղարն ինքը հնարավորություն է ունեցել համախմբելու Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերներին։
«Մենք դա արեցինք մեկ անգամ այստեղ՝ Վաշինգտոնում, մեկ անգամ Նյու Յորքում սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում: Մենք կշարունակենք անել այն, ինչը, մեր գնահատմամբ, ունի լավագույն հեռանկարները՝ առաջ տանելու անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ Հարավային Կովկասի տարածաշրջանի այդ տեսլականը։ Թե ինչպիսին է լինելու այս հակամարտության համապարփակ լուծումը, դա այն ծանր աշխատանքն է, որը պետք է անեն իրենք՝ կողմերը»,- ասել է Փրայսը։