Լոս Անջելեսի քաղաքապետ Քերըն Բասն ասել է, որ աջակցում է Լոս Անջելեսի հայ համայնքին՝ կոչ անելով վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը։ Այս մասին քաղաքական գործիչը գրել է Twitter-ում։
«Մենք պետք է հստակ ցույց տանք մեր հավատարմությունը ազատությանը՝ օգնելով Արցախի ժողովրդին։ Սա ճգնաժամ է, և անգործությունը միայն կվատթարացնի այն: Կյանքերը վտանգված են»,- գրել է Բասը:
Քերըն Բասը և քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Գրեգորյանը պաշտոնական գրությամբ դիմել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին Արցախի շրջափակման հարցով։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի: