ՀՀ քննչական կոմիտեն պարզվել է Լոռու մարզի 36-ամյա բնակչի կողմից Ալավերդի ԲԿ-ում կատարված խուլիգանության և բժշկի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները, հայտնում է ՔԿ-ն։
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022թ․ հունիսի 18-ին, գիշերը, սթափության վիճակի զննություն կատարելու նպատակով «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն է տեղափոխվել մի քաղաքացի։
Վերջինիս հետ եկած 36-ամյա տղամարդը բուժհաստատության մասնաշենքի 1-ին հարկում՝ ընդունարանի և բժիշկների սենյակի մոտ գտնվող միջանցքում, սթափության վիճակը զննելու կապակցությամբ վիճաբանել է ստուգումն իրականացնելուն նախապատրաստվող՝ հիշյալ ՓԲԸ շտապ օգնության հերթապահ բժշկի հետ, քաշքշել նրա հագուստներից։ Ապա աշխատասենյակից վերջինիս դուրս քաշելով միջանցք՝ նա 3-4 անգամ ձեռքերով հարվածել է բժշկի դեմքին և կրծքավանդակին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։
Այս գործողություններն ուղեկցվել են բարձր աղմուկով, միայն այլ բուժաշխատողների միջամտությամբ է հաջողվել տվյալ անձին դուրս հրավիրել բժշկական կենտրոնից։ Նշված գործողությունների հետևանքով խաթարվել է բժշկական կենտրոնի և հիշյալ աշխատակիցների բնականոն գործունեությունը, բժշկին չի հաջողվել կատարել սթափության վիճակի ստուգում, իսկ ներկաների մոտ առաջացել է վախի ու տագնապի զգացողություն:
Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա 36-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը: Նախաքննությունն ավարտվել է, վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: