Մեքսիկայի իշխանությունների ներկայացուցիչները հինգշաբթի երեկոյան Մեխիկո նահանգի «Ալտիպլանո» մաքսիմալ խիստ ռեժիմի բանտ են տեղափոխել Օվիդիո Գուսման Լոպեսին՝ մեքսիկացի նարկոբարոն Խոակին Գուսմանի որդուն։ Այս մասին հայտնում է TASS-ը:
Գուսման Լոպեսին բռնել են Սինալոա նահանգի մայրաքաղաք Կուլյականում։
Նարկոբարոնի որդու ձերբակալությունը Կուլյականում իրավիճակի կտրուկ սրմանն է հանգեցրել: Փողոցներում ժամեր շարունակ փոխհրաձգություններ են տեղի ունեցել, մի քանի շրջանների ճանապարհներ արգելափակվել են այրվող մեքենաներով: Այս պահի դրությամբ քաղաքում իրավիճակը կայունացել է։
Պաշտոնական տվյալներով՝ բախումներից տուժել է առնվազն 27 մարդ՝ հիմնականում ուժային գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Զոհվածների թվի մասին վերջնական տվյալներ դեռ չկան, սակայն նշվում է, որ ավելի վաղ տեղական ԶԼՄ-ները հայտնել են հինգ զինծառայողի և Ազգային գվարդիայի մարտիկի զոհվելու մասին: