Ենթադրվում է, որ 2023-ին Հայաստանի ՀՆԱ-ն 12,5-13 տոկոս կլինի: Այս մասին այսօր ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպմանը նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով տնտեսությանը, ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին դեպի ՀՀ ներհոսքին:
«ՌԴ-ից ՀՀ տեղափոխված քաղաքացիների դերը շատ էական է, ինչն ակնհայտ է: Մենք 2022-ի համար նախատեսել էինք 7 տոկոս տնտեսական աճ, բայց, փաստորեն, շատ ավելին է ստացվել, ինչի համար ուրախ ենք: Անվտանգությունն ապահովելու տեսանկյունից սա շատ կարևոր գործոն է, որովհետև անվտանգությունն ապահովելու համար ռեսուրսներ են պետք, իսկ այդ ռեսուրսներն ապահովվում են տնտեսական աճով: 2023-ի համար 7 տոկոս տնտեսական աճ ենք նախատեսել»,- ասաց նա:
Կարևորելով ՌԴ-ից դեպի ՀՀ մարդկային ներհոսքը՝ նա հավելեց. «Այդ մարդիկ ամենատաբեր ուղղություններով կարող էին գնալ, բայց եկել են Հայաստան, ինչն արդեն ինչ-որ բան է նշանակում: Ի դեպ՝ այդպիսի ուղղություն դարձած ոչ բոլոր երկրներում է, որ 12,5 կամ 13 տոկոս տնտեսական աճ է ապահովել: Տնտեսական աճի կարևոր գործոններից են ինստիտուցիոնալ բարեփոխումները, որոնք կարող ենք ավելի քան 100 փաստերով ներկայացնել»։
Անդրադառնալով անվտանգային ռիսկերի ազդեցությանը՝ նա նշեց, որ այդ ռիսկերը միշտ կան և դրանք կառավարելի են:
«Ինչպես տեսաք, սեպտեմբերին էսկալացիա տեղի ունեցավ, բայց զարմանալիորեն դա մեր տնտեսական դինամիկայի վրա շատ մեծ բացասական ազդեցություն չունեցավ»,- շեշտեց Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: