Մեզ համար պարտավորություն է լինել Հայաստանում, քանի որ առկա են լարվածություններ, որոնք ակտիվանում են, բռնկվում են և խոցելի են դարձնում Հայաստանը։ Այս մասին ասաց Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«Ֆրանսիան կանգնած է եղբայրական ժողովուրդների և երկրների կողքին, որոնք ենթարկվում են սպառնալիքների, որոնց տարածքային ամբողջականությունը ենթարկվում է հարձակման։ Սեպտեմբերյան իրադարձությունները մեծ աղմուկ հանեցին Ֆրանսիայում, և Ազգային ժողովն արձագանքեց այդ աղմուկին։ Ընդունեցինք բանաձև, որը պահանջում է Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ագրեսիայի դադարեցում և Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատում»,- նշեց նա։
Պիվեի խոսքով՝ Ֆրանսիան միշտ եղել է Հայաստանի կողքին և համերաշխ է Հայաստանի հետ։ «Անհանգիստ ենք ԼՂ-ում իրավիճակի սրման կապակցությամբ։ Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով իրավիճակը գնալով վատթարանում է։ Վաղը կհանդիպենք ոչ կառավարական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Շատ կարևոր է, որ վերականգնվի ազատ երթևեկությունը Լաչինում։ Ամեն ինչ կանենք՝ մարդասիրական աղետից խուսափելու համար»,- նշեց նա։
Նա մտահոգություն հայտնեց նաև պատմական և մշակութային ժառանգության վերաբերյալ, որն այսօր վտանգված է։ «Մոտ 1500 հայկական մշակութային և պատմական ժառանգության նմուշներ պետք է անպայման պահպանվեն, Ֆրանսիան ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ միասին ջանքեր կգործադրի այս ուղղությամբ։ Ժառանգությունը մեր պատմությունն է, դա մի ողջ ժողովրդի կյանք է»,- ասաց նա։
ԱԺ նախագահը շեշտեց, որ քիչ առաջ ստորագրված միջխորհրդարանական համաձայնությունը հնարավորություն կտա է՛լ ավելի ամրապնդել բարեկամական կապերը Հայաստանի հետ։ Ըստ Բրաուն-Պիվեի՝ այդ հարաբերությունները լավագույն զենքն են միասին դիմակայելու ապագային և որ այդ ապագան պետք է կայուն խաղաղություն բերի։
Պատասխանելով ասուլիսի ժամանակ հնչած հարցերն՝ Բրաուն-Պիվեն հիշեցրեց, որ Ֆրանսիայի սենատն ու Ազգային ժողովն ընդունել են Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ և Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող բանաձևեր, սակայն ԼՂ անկախության ճանաչումը մնում է առկախված:
«Ինչ վերաբերում է ԼՂ անկախության ճանաչմանը, դուք գիտեք Ֆրանսիայի դիրքորոշումը, և այսօր Ֆրանսիան չի ճանաչում այդ անկախությունը՝ միջազգային իրավունքին համապատասխան, որին մենք ենթարկվում ենք»,- ասաց նա։
Այսօր ավելի կարևոր է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության վերականգնումը, հարցի խաղաղ կարգավորումը, ասաց Յաել Բրաուն-Պիվեն՝ պատասխանելով հարցին, թե ինչու Ֆրանսիան պատժամիջոցներ չի կիրառում Ադրբեջանի նկատմամբ։
«Ֆրանսիայի և նրա նախագահի բոլոր ջանքերն ուղղված են հարցի խաղաղ կարգավորմանը։ Կարծում ենք, այսօր այլ միջոցներ տեղին չէ կիրառել, քանի դեռ հնարավոր խաղաղության և երկխոսության ճանապարհն ամբողջովին սպառված չէ, քանի դեռ ամեն ինչ չենք փորձել այս ուղղությամբ»,- ասաց նա։
Այս համատեքստում խոսնակը նշեց, որ թեև ԵԱՀԿ Մինսկի խումբը միակ հարթակը չէ, բայց շատ կարևոր հարթակ է: «Շատ կարևոր է, որ կողմերից յուրաքանչյուրն այսօր ընդունի այդ երկխոսությանը վերադառնալու պատրաստակամություն»,- ասաց Բրաուն-Պիվեն:
Հարցին, թե արդյո՞ք Ֆրանսիան հնարավորություն տեսնում է Արցախում ռուս խաղաղապահներին փոխարինելուն, ֆրանսիացի պաշտոնյան ասաց, որ սահմանի երկայնքով տեղակայվեց ԵՄ դիտորդական խումբը և Եվրոպայի համաձայնությամբ Ֆրանսիան ցակնություն ունի ևս մեկ խումբ տեղակայել այնտեղ, սակայն չմանրամասնեց Արցախում ֆրանսիացի խաղաղապահների հարցը:
Իսկ պատրա՞ստ է արդյոք Ֆրանսիան ռազմական աջակցություն ցուցաբերել Հայաստանին հարցը խոսնակն անպատասխան թողեց: «Ես ԱԺ խոսնակ եմ, ոչ վարչապետ եմ, ոչ նախագահ, ուստի չեմ կարող պատասխանել այդ հարցին»,- ասաց նա:
Մեկ այլ հարցի, թե ՄԱԿ ԱԽ սպասված հայտարարությունը Լաչինի միջանցքի վերաբերյալ որ երկրների պատճառով չընդունվեց, խոսնակը ձեռնպահ մնաց պատասխանել: «Ֆրանսիան երկու անգամ ՄԱԿ ԱԽ-ի շրջանակում բարձրացրեց այս հարցը: Պետք է հասկանաք, թե Ֆրանսիան ու նրա խորհրդարանն ինչ դեր կարող է խաղալ: Սրանք կոմպլեմենտար դերեր են»,- ասաց նա:
Պատասխանելով ֆրանսալեզու լրագրողի հարցին, թե ինչ կարագավիճակով է Ֆրանսիան տեսնում Արցախում խաղաղության հաստատման հնարավորությունը, պաշտոնյան պատասխանեց. «Ֆրանսիան չէ, որ պետք է որոշի, թե ինչ կարգավիճակ պետք է ունենա ԼՂ-ն տարածաշրջանում: Նրա կարգավիճակը չպետք է Ֆրանսիան սահմանի, այլ միջազգային իրավունքի շրջանակներում, տարբեր ժողովուրդների կողմից, մասնավորապես հակամարտության կողմերի»,- ասաց նա: