Նախատեսվում է ընդլայնել Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների աշխատանքի հնարավորությունները։ Համապատասխան օրենսդրական փոփոխություն է հեղինակել ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանը։ «Օտարերկրացիների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ներկայացնելիս նա նշեց, որ իշխանությունն այսպիսով ջանքեր է գործադրում ՀՀ-ում գործարար միջավայրը բարելավելու համար:
ՀՀ օրենսդրությամբ՝ եթե օտարերկրյա կազմակերպությունները Հայաստանում ներկայացուցչություն են բացում, ապա դրանց օտարերկրացի աշխատակիցներն ունեն աշխատանքի թույլտվություն: Սակայն մասնաճյուղ բացելու պարագայում օտարերկրացին չունի աշխատանքի թույլտվություն, ինչի մեջ Պապոյանը տարօրինակ ու խտրական նորմ է տեսնում։
Պատգամավորը կարևոր է համարում այս քաղաքականությունը վերանայելը, օտարերկրյա քաղաքացիներին ոչ միայն օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչությունում, այլ նաև մասնաճյուղում աշշխատելու հնարավորություն տալը: նախագիծը կարևոր է՝ հաշվի առնելով վերջին շրջանում բազմաթիվ օտարերկրյա կազմակերպությունների՝ աշխատակիցների հետ միասին Հայաստան տեղափոխվելու փաստը:
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն իր հերթին նշեց, որ կառավարությունը կողմ է ներկայացված փոփոխությանը։ Նա վիճակագրություն ներկայացնելով ասաց, որ 2022 թվականի ընթացքում 27 ընկերություն այդ դրույթի տակ ներգրավել է օտարերկրացի 120 աշխատողների։