Հայաստանը 2022 թվականին գրանցել է օդային 23 341 տոննա բեռնափոխադրումներ, իսկ 2021 թվականին՝ 17 321 տոննա, այսինքն՝ օդային բեռնափոխադրումները մեկ տարվա ընթացքում աճել են գրեթե 35 տոկոսով։ Այս մասին Armenia Today-ին հայտնեցին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։
Կոմիտեից պարզաբանեցին, որ արտահանվող բեռնափոխադրումների ցուցանիշը 2022 թվականին կազմել է 12 893 տոննա, իսկ 2021 թվականին՝ 8 803 տոննա, այսինքն՝ արտահանվող բեռնափոխադրումների ցուցանիշն անցած տարում աճել է գրեթե 46%-ով։
Ինչ վերաբերում է ներկրման ցուցանիշին, ապա 2022-ին գրանցվել է 10 448 տոննա ցուցանիշ, իսկ 2021-ին՝ 8 518 տոննա, այսինքն՝ ներմուծվող բեռնափոխադրումների ցուցիչն աճել է 23%-ով։
Ավելի վաղ Ազգային ժողովում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը տեղեկացրել էր, որ 2022 թվականին Հայաստանն օդային աննախադեպ ուղևորահոսք է գրանցել։
Մեկնած և ժամանած ուղևորների թիվը կազմել է 3 մլն 697 հազար 539։ 2021 թվականին, ինչպես Armenia Today-ին հայտնեցին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից, գրանցվել է 2 միլիոն 400 հազար 351 ուղևորի ցուցանիշ, այսինքն՝ օդային ուղևորափոխադրումները տարվա ընթացքում աճել են 54 տոկոսով։