ՊՆ-ին մոտ կանգնած աղբյուրներից հայտնի է դարձել, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով աշխատանքից կազատվեն մի շարք պաշտոնյաներ՝ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասում տեղի ունեցած հրդեհի պատճառով: Այս մասին հայտնում է «Լուրեր»-ը։
Մինչ այս պահը հայտնի է դարձել հետևյալ պաշտոնյաների ազատման մասին. 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Ֆրունզի Գրիգորյան, 2-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Միհրան Սերգեյի Մախսուդյան, 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ թիկունքի և ԿՇԾ գծով, թիկունքի պետ՝ գնդապետ Շիրազ Գևորգի Խաչատրյան, 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի մարտական հերթապահության գծով տեղակալ գնդապետ Արթուր Սերժիկի Օհանյան, ՀՀ ԶՈւ թիկունքի վարչության հրդեհային անվտանգության ծառայության պետ, գնդապետ Սարգիս Ռոբերտի Մազմանյան:
Հրդեհի պաշտճառով սպասվող ազատումների մասին ՊՆ-ից Armenia Today-ին հորդորեցին սպասել պաշտոնական հաղորդագրություններին։
Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:
Նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր։