Ձեռնարկվում են քննչական և վարութային անհետաձգելի գործողություններ՝ Գեղարքունիքի մարզում զորամասերից մեկի զինծառայողների մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Քննչական կոմիտեն հայտնում է, որ նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է վառարանը ավտոբենզինով վառելու պատճառով։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
«Սկսված նախաքննության շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ և անհետաձգելի ապացուցողական և վարութային գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները համակողմանի պարզելու նպատակով»,- ասված է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այսօր զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:
Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել է, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: