Այրվածքաբանության ազգային կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն, այրվածքաբանության գծով առողջապահության նախարարի խորհրդական Կարինե Բաբայանը լրագրողների հետ զրույցում մանրամասներ է հայտնել այսօր ՀՀ ՊՆ N զորամասում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած զինծառայողների առողջական վիճակի մասին:
Նա հայտնել է, որ Այրվածքաբանության ազգային կենտրոն է տեղափոխվել 3 վիրավոր զինծառայող:
«Երկու զինվորականները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, մյուս զինծառայողը գտնվում է այրվածքաբանական բաժանմունքում: Վերակենդանացման բաժանմունքում ծանր վիճակում գտնվող զինվորների մոտ նաև շնչուղիների այվածք է գրանցվել: Նրանք գտնվում են հսկողության տակ: Այրվածքաբանական բաժանմունքում գտնվող զինծառայողի առողջական վիճակը բավարար է, կայուն»,-հայտնել է նա՝ ընդգծելով, որ իրենց մոտ տեղափոխված զինծառայողներից երկուսը ժամկետային զինծառայողներ են, մեկը՝ սպա:
Կարինե Բաբայանի խոսքով՝ բոլոր 3 բուժառուները գիտակցություն ունեն, վիրակապվել են:
Նա հայտնեց նաև, որ բոլոր 3 զինծառայողները բոցից են այրվածքներ ստացել:
Հիշեցնենք, որ նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այսօր զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:
Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել է, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:
Լուսանկարը՝ Shamshyan.com-ի: